Հարցազրոյց Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ
Չկան մահմեդական հայեր, ինչպէս եւ չկան քրիստոնեայ թուրքեր

Հարցազրոյցը վարեց Զառա Գէորգեանը

 

-Վերջին ժամանակներս յաճախ է վիճակւում լսել ու կարդալ, թէ Թուրքիայում ապրում են կրօնափոխ եղած մեծաթիւ հայեր:
- Ներկայումս իսկապէս փորձ է արւում ներկայացնել հայերի մահմեդականացած սերունդներին որպէս բուն հայերի: Խօսւում է այն մասին, թէ իբր Թուրքիայում ապրում են լեզուն եւ հաւատքը փոխած միլիոնաւոր հայեր:
Իրականում ամէն ինչ միանգամայն այլ է: Այնտեղ կան համշէնցիներ, որոնք ապրում են Ռիզէ եւ Արդւին նահանգներում, յատկապէս Խոփայի շրջանում: Ռիզէում ապրողները հիմնականում թուրքացած են, իսկ Խոփի բնակչութիւնը պահպանել է իր ծագման մասին յիշողութիւնն ու հայկական բարբառը (թէեւ հայերէն գրքեր կարդալ չի կարողանում): Նրանք գիտեն, որ իրենց նախնիները հայեր են եղել, այդուհանդերձ մեծամասնութիւնն իրեն հայ չի համարում: Ձուլման գործընթացը չափից աւելի է խորացել: Այդ մարդկանց թիւը չի անցնում 25-30 հազարից:
Բայց եթէ մի կողմ թողնենք նրանց, ապա Արեւմմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի մնացեալ տարածքում կան հայկական ներկայութեան իրարից կտրւած լոկ մանրագոյն օջախներ, ըստ որում` զուրկ հայկական աշխարհի հետ որեւէ կապից: Թուրքիայում այդ խմբերի եւ համշէնցիների (նրանց չի կարելի շփոթել քրիստոնեայ համշէնահայերի հետ, որոնք ներկայումս ապրում են Ռուսաստանի եւ Աբխազիայի սեւծովեան ափին) ֆենոմենը բացառիկ է եւ արժանի գիտական լուրջ հետազօտութիւնների, որոնք մեզանում բարեբախտաբար անցկացւում են: Բայց Թուրքիայում ապրող միլիոնաւոր հայերի մասին խօսելն անհեթեթ է: Նոյնիսկ համշէնցիներն ու Թուրքիայով մէկ ցրւած հայութեան միւս մնացորդներն օժտւած չեն ցայտուն դրսեւորւած հայկական ինքնագիտակցութեամբ եւ դրա կրողը չեն:
Ե՜ւ որպէս քաղաքագէտ, ե՜ւ որպէս հայ-մահմեդական յարաբերութիւնների խնդիրներն ուսումնասիրած պատմաբան կարող եմ պնդել, որ մահմեդականութիւն ընդունած հայերը հայկական ինքնագիտակցութեան կրողներ չեն: Սկսած 15-16-րդ դարերից եւ ընդհուպ մինչեւ 20-րդ դար հարկադրաբար կամ յօժարակամ մահմեդականութիւն ընդունած հայերի նկատմամբ կիրառւում էր միանգամայն յստակ եւ համարժէք թուրքացած բառը: Երբ հայերն իսլամ էին ընդունում, չէր խօսւում այն մասին, թէ նրանք իսլամ ընդունեցին, այլ ասւում էր թուրքացան (ըստ որում` յօժարակամ հաւատափոխութիւնը խրախուսելու համար եւ Իրանում, ե՜ւ Օսմանեան Թուրքիայում կիրառւում էին յատուկ մշակւած մեխանիզմներ): Իրականում մահմեդական հայեր չկան, ինչպէս եւ չկան քրիստոնեայ թուրքեր (նկատի ունեմ հէնց թուրքերին, այլ ոչ թէ թիւրքերին, որոնց մէջ կան նաեւ քրիստոնեաներ. գագաուզները, չուվաշները, եակուտները): Չկայ աշխարհում նման երեւոյթ, հասկանո՞ւմ էք: Կան ընդամենը նրանց սերունդները, ովքեր ժամանակին հայ են եղել, իսկ յետոյ մահմեդականութիւն ընդունել ու թուրքացել: Նրանց մէջ կան նաեւ թուրքական պետական ու քաղաքական գործիչներ, օրինակ` նախկին վարչապետ Մեսութ Ելմազը կամ, համաձայն թուրքական որոշ աղբիւրների, Թուրքիայի ֆաշիստների, այսպէս կոչւած` Գորշ գայլերի առաջնորդ Դեւլեթ Բախչելին եւ ուրիշներ:

-Իսկ ի՞նչ էք ներառում հայը` որպէս հայկական մշակոյթի կրող հասկացութեան մէջ:
-Առաջին հերթին հայերէնի իմացութիւնը, ինչպէս նաեւ դրա վրայ հիմնւած եւ դրա կրողների կողմից ստեղծւած մշակութային ժառանգութիւնը: Բացի այդ ամենից, դա նշանակում է նաեւ ազգային-ազատագրական պայքարի, հայկական պետականութեան վերականգնման եւ ամրապնդման գաղափարների կրողը լինել: (Ճիշտ է, յաճախ օբիեկտիւ պատմական հանգամանքները հայ ժողովրդի նշանակալից մասի մէջ բթացրել ու քնեցրել են այդ գաղափարները: Ցաւօք, նման իրավիճակ է ստեղծւել նաեւ այսօր, բայց սա արդէն այլ խօսակցութեան թեմա է):
Ուշադրութիւն դարձրէք. հայկական ողջ մշակոյթն ամբողջովին տոգորւած է Հայաստանի ազատագըրման ոգով եւ գաղափարախօսութեամբ, առանց որոնց չկայ հայ գրականութիւն, պատմագրութիւն, պոեզիա, վիպագրութիւն, բանահիւսութիւն` հնագոյն էպոս, միջնադարեան առասպելներ ու աւանդապատումներ, հայ երաժշտութիւն` օպերա, երգ ու պար, հայրենասիրական աստւածաբանական ուսմունք, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքը: Խօսքը պատմական մեծ ճեղքւածքի մասին է, եւ ոչ միայն նորագոյն պատմութեան մէջ: Հայ մշակոյթը մեծապէս հէնց ինքն է ազատագրական գաղափարախօսութեան արգասիք:
Մահմեդականութիւն ընդունելով, հայը ոչ միայն հերքում էր ազատագրական պայքարի եւ գաղափարախօսութեան հետ թէկուզ չնչին կապ ունեցող հայոց պատմութեան եւ մշակոյթի ամբողջ շերտը, այլեւ համաձայնւում դառնալ թշնամու` Հայաստանն ընդմիշտ ստրկացնել փորձող մահմեդական տէրութիւնների գաղափարախօսութեան կրողը:
Կարո՞ղ էք արդեօք օրինակ բերել թէկուզ մէկ մահմեդական հայի, որը երբեւէ մասնակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Այդպիսի օրինակներ դուք չէք գտնի: Կարո՞ղ էք նշել թէկուզ մէկ հայ մահմեդականի անուն, որը ներդըրում է ունեցել հայ մշակոյթի մէջ: Դրա օրինակներն էլ չկան: Փոխարէնը` մեզանում կան հակառակ դէպքերը, երբ մահմեդական հայերը զէնքը ձեռքին կռւել են հայ ազգային-ազատագրական շարժման դէմ:

-Ինչպէս, օրինակ` ենիչերինե՞րը:
-Այո, ինչպէս ենիչերիները: Չէ՞ որ դրանք քրիստոնեաների զաւակներ էին, որոնց մահմեդականացրել էին, դաստիարակել իսլամի ոգով, եւ նրանք իսկապէս կռւում էին մեր դէմ: Նրանց մի մասը ծագումով հայեր էին, ինչպէս նաեւ յոյն, բուլղար, սերբ, վրացի եւ այլն:
Կարելի է օրինակներ բերել նաեւ մերօրեայ իրականութիւնից: Յիշենք 1988 թւականը, Հադրութի շըրջանի Տող գիւղը, որը ժամանակին եղել է 1735 թւականին ստեղծւած Խամսայի մելիքութիւնների մայրաքաղաքը: 18-րդ դարավերջին այդ գիւղի մի մասը մահմեդականութիւն ընդունեց. թուրքացաւ: 1988 թւականին գիւղի բնակչութեան կէսը անձնագրով ադրբեջանցիներ էին, որոնք շատ լաւ յիշում էին, որ իրենց նախնիները հայ են եղել: Չէ՞ որ անցել էր ընդամենը երկու դար, իսկ նրանք շարունակում էին ապրել հէնց այն գիւղում, որտեղ ապրել էին իրենց հայ նախնիները: Եւ ահա գիւղի բնակչութեան թուրքացած մասը հանդէս եկաւ ընդդէմ Արցախի ազատագրման: Նրանք կռւում էին մեր դէմ, մի՞թէ սա ոչինչ չի ասում: Եթէ նրանք հայ էին, ապա ինչո՞ւ իրենց հայի պէս չպահեցին:
Նախիջեւանի ներկայիս բնակչութեան նշանակալի մասը ադրբեջանցիներ են, որոնց նախնիները ժամանակին հայ են եղել, բայց մահմեդականութիւն ընդունելով` նրանք եւ իրենց սերունդներն ընդմիշտ թուրքացել են: Կարելի է բերել համանման էլի բազմաթիւ օրինակներ:
Մի խօսքով, մեծ տարբերութիւն կայ ծագման եւ նոյնականութեան միջեւ: Առաջինը բնաւ չի նախորոշում երկրորդը: Եթէ մենք հայ համարենք բոլոր նրանց, որոնց նախնիները հայ են եղել, ապա հաւանաբար աշխարհով մէկ կը հաշւարկենք մօտ 500 միլիոն հայ: Բայց ախր դա ծիծաղելի է: Նոյնականութիւնն ինքնագիտակցութեան, այլ ոչ թէ ծագման խնդիր է:
...
Ինչո՞ւ էին, ի վերջոյ, մեր նախնիները նախընտրում նահատակւել, բայց հաւատը չուրանալ: Իմիջիայլոց, մահմեդական տիրապետութեան անյուսալի դարերում, երբ պատմական ասպարէզից տեւականօրէն անհետացել էին հայոց պետութիւնն ու նրա զինւած ուժերը, հայ նահատակները հայերի ազգային ինքնագիտակցութեան պահպանման համար խաղացին այն նոյն դերը, ինչ հետագայում ֆիդայիները:
Ինչո՞ւ մէկուկէս միլիոն հայեր հրաժարւեցին մահմեդականութիւն ընդունել եւ Ցեղասպանութեան ենթարկւեցին: Չէ՞ որ, եթէ հաւատալու լինենք անէութիւնից անսպասելիօրէն ի յայտ եկած մահմեդական հայերի գոյութեանը, ապա 1915 թւականին հայերը պիտի շատ հանգիստ մահմեդականութիւն ընդունէին ու շարունակէին հայ մնալ, ասես ոչինչ էլ չի պատահել: Բայց մեր ժողովուրդը, անխտիր բոլորը` փոքրից մինչեւ մեծը, գերազանց գիտակցում էր, որ ուրանալով ազգային հաւատքը եւ ընդունելով թշնամիների տիրապետող կրօնը, դրանով իսկ փոխում են իրենց ազգային պատկանելութիւնը Մեր պապերն իրենց ականջներին չէին հաւատայ, եթէ լսէին մերօրեայ անհեթեթ բանավէճերը մահմեդական հայերի գոյութեան թեմայի շուրջ:
Բայց ահա մէկ այլ հարց. եթէ մենք թուրքացած հայերին հայ համարենք, ապա ի՞նչ հետեւանքներ կարելի է ակնկալել: Նախ, թուրքերը կարող են ասել` հայերի ոչ մի Ցեղասպանութիւն էլ չի եղել: Ահա նրանք` ձեր հայերը, ողջառողջ են, ապրում են իրենց տարածքներում, թուրքական պետութեան օրինապաշտ քաղաքացիներ են: Այնուհետեւ: Այսօր աւելի ու աւելի յաճախ է խօսւում շրջափակման առաջիկայ վերացման եւ Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարաւորութեան մասին: Մի պահ պատկերացնենք. մօտ ապագայում Հայաստանը հեղեղում են տասնեակ հազարաւոր, այսպէս կոչւած մահմեդական հայերը, յամենայն դէպս` նրանք, ովքեր կը ներկայանան որպէս այդպիսիք:
Ներկայումս շատ է ասւում, թէ կրօնը պէտք է տարբերակել ազգային ինքնութիւնից: Բայց ինչպէ՞ս, եթէ կրօնն ազգային ինքնագիտակցութեան կարեւորագոյն շերտն է: Այդ շերտի անտեսումը, կամ առաւել եւս, փոխարինումը մահմեդականով կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ: Քանզի իսլամը ոչ միայն կրօն է, այլեւ մշակոյթ, գաղափարախօսութիւն, կենսակերպ
Պատկերացրէք կացութիւնը Հայաստանում (որը դեռ չի կայացել որպէս ուժեղ պետութիւն), որտեղ գործողութիւնների բացարձակ ազատութիւն ստացած աղանդաւորների հետ մէկտեղ, որոնց մենք ակնյայտօրէն չենք կարողանում դիմակայել, յայտնւեն նաեւ մահմեդական հայեր` իրենց մզկիթներով: Չէ՞ որ դա միանգամայն հնարաւոր է: Եթէ հաշւի առնենք, թէ որքան հայեր են ներկայումս դարձել այս կամ այն աղանդի հետեւորդ, ապա չի կարելի բացառել նաեւ այն հաւանականութիւնը, որ այստեղի հայերը կընկնեն իսլամական գաղափարների ազդեցութեան տակ:
Ի՞նչ կը ստանանք ի վերջոյ: Այն պայմաններում, երբ Հայաստանը, մեղմ ասած, դեռեւս ուժեղ չէ, մենք ուզում ենք այստեղ արմատաւորել բոլոր առումներով թշնամական երկու պետութիւնների` Թուրքիայի եւ Ադրբեջանի կրօնը: Եթէ Հայաստան լցւեն մահմեդական հայեր, ապա կը ստանան այստեղ իրենց մզկիթները կառուցելու իրաւունք: Ո՞ւմ են ենթարկւելու այդ մզկիթները, որտե՞ղ է լինելու նրանց հոգեւոր կենտրոնը: Ինչ է, Անկարայո՞ւմ: Չէ՞որ չի կարելի մոռանալ, որ հոգեւոր իշխանութիւնը միշտ եւ ամենուր կախւած է քաղաքական իշխանութիւնից: Կարելի է վկայակոչել նաեւ միջազգային փորձը. բոսնիացի մահմեդականները նախկինում քրիստոնեայ սերբեր էին, իսկ մահմեդականացումից յետոյ դարձան սերբերի ոխերիմ թշնամիներն ու թուրքերի հաւատարիմ դաշնակիցները

-Իսկ եթէ այդ նոյն հայերը ցանկանան քրիստոնէութիւն ընդունե՞լ:
-Դա արդէն ուրիշ բան: Եթէ նրանց մէջ ցանկութիւն առաջանայ իսկապէս հայ դառնալ, ապա բնականաբար կուզենան նաեւ վերադառնալ իրենց արմատներին, հրաժարւել իսլամից, քրիստոնէութիւն ընդունել եւ մտնել Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքոյ (ի դէպ, կան նաեւ այդպիսի դէպքեր), սովորել հայոց լեզուն, քաղաքական առումով նւիրւել Հայաստանի պետական շահերին:
Երբեք չպէտք է մոռանանք, որ ապրում ենք բնաւ ոչ խաղաղ պայմաններում, այլ դեռեւս լինել, թէ չլինելու վիճակում ենք, երբ անչափ կարեւոր է հայի քաղաքական դիրքորոշումը: Եթէ նա համարում է իրեն հայ ազգի մի մասնիկը, իսկ ազգը որպէս օրգանիզմ վտանգւած է, ապա իւրաքանչիւր մասնիկ պէտք է համարժէք արձագանքի այդ վտանգին: Եթէ դա տեղի չի ունենում, ապա պէտք է ենթադրել, որ նա ինչ-որ չափով արդէն կտրւել է, ասիմիլեացիայի է ենթարկւել, օտարացել օրգանիզմից:
Ի դէպ, կանխագուշակում եմ, որ կը հարցնէք նաեւ հայ կաթոլիկների, բողոքականների, բուդդայականների (արդէն այդպիսիք էլ կան) մասին: Նրանք բոլորն էլ մեր քոյրերն ու եղբայրներն են` հայեր են: Բայց պէտք է ընդունել, որ նրանց այդ կրօնադաւանական ընտրութիւնն ինքնին որոշակի նահանջ է ազգային ինքնութիւնից: Քանզի նրանց հոգեւոր իշխանութիւնը բխում է օտարերկրեայ կենտրոններից: Օրինակ, Հռոմի պապը միաժամանակ Վատիկան պետութեան ղեկավարն է` իր սեփական քաղաքական շահերով, որոնք ոչ միշտ են համընկնում Հայաստանի եւ հայութեան շահերին: Բողոքական որոշ կազմակերպութիւններ եղել են ԱՄՆի պետական քաղաքականութեան իրացնողը եւ այլն:
Այդուհանդերձ, ի տարբերութիւն մահմեդականութեան, ո՞չ կաթոլիկութիւնը, ո՞չ բողոքականութեան տարբեր խմբերը, ո՞չ էլ բուդդայականութիւնը մեր թշնամիների` Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գաղափարական նեցուկ չեն Հայաստանի դէմ իրենց պայքարում: Միաժամանակ, հայերի եւ այլ կրօն ունեցող պետութիւնների միջեւ չի եղել բազմադարեան արիւնայեղ բախում եւ ցեղասպանութեան պատմութիւն: Հէնց դրանում էլ ամփոփւած է ահռելի տարբերութիւնը հիպոթետիկ հայ մահմեդականների եւ համաշխարհային այլ կրօնների հետեւորդ հայերի միջեւ:
Գոյութիւն ունի եւս մէկ կարեւոր տեսանկիւն: Հռչակելով հայ է նա, ով հայկական ծագում ունի մօտեցումը, փաստօրէն խրախուսելով այն գաղափարը, թէ լեզուն, մշակոյթը, կրօնը կարեւոր չեն, թէ Հայաստանում ապրելը կարեւոր չէ, արդիւնքում կարող ենք հասնել նրան, որ մեր Սփիւռքի մի մասի որդեգրած այդ արժէքների համակարգը բումերանգի պէս կը հարւածի Հայաստանին, կը փոխանցւի մեզ

 

Աղբիւր` Հայոց Աշխարհ օրաթերթ
20, 23, 24 Դեկտեմբերի 2008
Թարգմանութիւնը ռուսերէնից հայերէնի` Ս. Յովհաննիսեանի
Ռուսերէն բնագիրը տե՜ս www.ararat-center.org կայքում

Յոյս թիւ 69

24 Փետրւար 2010