ԹԱՔՈՒՆ ՀԱՅԵՐԸ ՀԱ՞Յ ԵՆ

 

Երբ վերջին տարիներին, առաջին անգամ արծարծւեց Թուրքիայի համշէնահայերի եւ ընդհանրապէս Թաքուն հայեր-ի հարցը, հայ ազգայնականները մեծ խանդավառութեամբ սկսեցին խօսել հայ ժողովրդի նոր հատւածի մասին եւ այն, որ այդ երեւոյթի յայտնաբերութիւնը ինչ մեծ դրական ազդեցութիւն կարող է ունենալ հայ ժողովրդի զօրեղացման վրայ։ Սակայն այսօր, գոնէ որոշ շրջանակներում, այդ երեւոյթը այնքան էլ դրական չի գնահատւում։ Հարցն այն է, որ հայերի այդ նոր հատւածը մեծամասնաբար չգիտի հայերէն եւ ինչ աւելի կարեւոր է, մուսուլման է։ Թուրքիայի թաքուն հայեր-ին հայ համարելու հետ հակառակ ազգային մտաւորականները քրիստոնէութիւնը համարելով հայկական ինքնութեան բաղադրիչ մասնիկ, համոզւած են, որ մահմեդական հայ, նոյնիսկ որպէս հասկացողութիւն, անընդունելի է, ինչ մնաց երեւակայել այնպիսի վիճակ, որ նրանք իրենց մզկիթներն ունենան, ասենք, Երեւանում, եւ դրանցում կատարեն իրենց կրօնական արարողութիւնները։ Այս տեսակէտին յարող անձինք, ինչպէս ասացինք, հայկականութիւնը կապում են քրիստոնէութեան եւ երբեմն նոյնիսկ լուսաւորչականութեան հետ։ Այսպիսի մտածելակերպի ներկայացուցիչն է Արմէն Այւազեանը, որն իր մօտեցումը բացատրել է ստորեւ վերատպւած հարցազրոյցում։
Սակայն չէ՞ որ նախքան քրիստոնէութիւնը եւս հայութիւնը գոյութիւն է ունեցել։ Ապա ինչո՞ւ հայի ինքնութիւնը կապել քրիստոնէութեան հետ։ Այսպիսի հարց է բարձրացնում Ասպարէզ-ում հրատարակւած յօդւածի հեղինակ Թամար Գեւոնեանը։ Նա նաեւ դնում է այս հարցը, որ արդե՞օք մենք իրաւասու կը լինենք մարդկանց մերժել հայկական ինքնութիւնը, եթէ նրանց մէջ դեռ յարատեւում է հայ ազգին պատկանելու ինքնագիտակցութիւնը։
Հարցը մի խօսքով այս է. ո՞վ է հայ։ Որո՞նք են հայութեան չափանիշները։ Երբ բարձրացւում է այսպիսի հարց, ինքնըստինքեան խնդիրը անցնում է համշէնահայերի հայ լինել-չլինելու սահմաններից։ Նախ կարելի է հարց տալ, որ հայկական ինքնութեան (եւ հպատակութեան կամ քաղաքացիութեան) հարցը կապելով կրօնի հետ, արդեօք չե՞նք խախտում կրօնի եւ պետականութեան տարանջատման սկզբունքը, որը բոլոր աշխարհիկ (սեկիւլար) ժողովրդավարական պետութիւնների, այդ թւում նաեւ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան սկզբունքներից է։ Երկրորդ, այս հարցը ուղղակիօրէն կապւում է նաեւ երկքաղաքացիութեան հետ։ Քանի որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն է շնորհւում աշխարհի բոլոր երկրներում ապրող հայ-երին, ուրեմն այն ստանալու համար դիմորդը պիտի ապացուցի, որ հայ է։ Իսկ ո՞վ է հայ։ Հայ լինելու համար անպայման պիտի լինել քրիստոնեայ։ Ահա այսպիսի հարցերի շուրջ է ընթանում բանավէճը։
Յոյս ունենք, որ հետեւալ երկու յօդւածները կարող են օգնել մեր ընթերցողին ծանօթանալ այս մասին զանազան տեսակէտների հետ։

 

Յոյս թիւ 69

24 Փետրւար 2010