ՀԱՏԻԱԾՆԵՐ ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ ԳՐՔԻՑ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ
ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ

 

Լեւոն Ահարոնեան

 

1979 թւականի Փետրւարի 12-ին` կէսօրից յետոյ, Իրանի զինուժը յայտարարեց, որ չի միջամտելու քաղաքական անցուդարձին: Հոմաֆարները (օդուժի սպայ. Հոմաֆարը կազմւած է երկու՝ հոմա (փիւնիկ) եւ ֆար (փառք, փայլ) բառերից): Ուսանողներն ու յեղափոխականները յաղթեցին, իսկ թագաւորի Գարդ կոչւող թիկնազօրը հարկադրւած յանձնւեց։ Յաջորդ օրը՝ Փետրւարի 13-ին, Թեհրանում հաստատւեց քաղաքական նոր իրադրութիւն։ Յեղափոխականները նախ գրաւեցին հեռուստատեսութեան ու ռադիոյի շէնքերը, ապա` զօրանոցները, ոստիկանատներն ու բանտերը, եւ ազատ արձակեցին բոլոր բանտարկեալներին։ Վերջիններիս մէջ կային նաեւ թագաւորականներ, որոնք ձերբակալւել էին նախկին կարգերի վերջին վարչապետ Շափուր Բախտիարի հրամանով` ժողովրդի ընդվզումները խաղաղեցնելու համար։ Փողոցներում այլեւս ոստիկաններ չկային, նրանց փոխարէն փողոցները հսկում էին նորայայտ հրացանաւոր պատանիները։ Այդ օրը, հետաքրքրութիւնից դրդւած, սկսեցի մեքենայով շրջել քաղաքում։ Այդ ընթացքում նկատեցի, որ բանտերից ազատւած բանտարկեալները խուճապահար այս ու այն կողմ են փախչում։ Յետոյ երեւացին բաց մեքենաներ, որոնց մէջ նստած յեղափոխականները յայտարարեցին, որ Էշրաթաբադ-ի (այժմ՝ Վալիասր) զօրանոցն արդէն գրաււած է։ Ես հասայ այդ զօրանոցին ու տեսայ, որ մարդիկ յարձակւել են զօրանոցի վրայ եւ թալանում են զէնքն ու զինամթերքը։ Տղամարդիկ, կանայք ու երեխաները, առգրաւելով հրացաններ, հազարաւոր զինւորական ծածկոցներ եւ այլ հանդերձանք ու զինամթերք, անհետանում էին։ Այդ դրութիւնը տեւեց երկու օր։
Յեղափոխութիւնից յետոյ խոշոր թալանը համարեա դադարեց, եթէ չհաշւենք թագաւորական պալատից դուրս բերւած աշխարհահռչակ նկարիչների ստեղծագործութիւնները։
Թալանչիները, անտեղեակ դրանց իսկական արժէքից, այդ գործերը վաճառում էին շատ էժան գնով։ Պալատներից բացի` թալանւեց նաեւ վարչապետ Բախտիարի տունը, որը Ֆարմանիէի մեր տան կողքին էր։
Իմ ընկեր գեներալ Աթաբաքին նոյն թւականի Փետրւարի 12-ին ինձ հեռախօսազանգով տեղեկացրեց, որ յաջորդ օրը գալու է իմ գրասենեակ՝ վերադարձնելու Բլէյզեր մակնիշի մեքենաս, որը նրան էի տւել, երբ վտանգւած էր նրա տղայի կեանքը։
Յաջորդ օրը, ըստ մեր պայմանաւորւածութեան, սպասում էի գեներալ Աթաբաքիին։ Ժամը 11-ն էր։ Ներկայ էին նաեւ մեր ընկերութեան մի խումբ պաշտօնեաներ։ Յանկարծ հրաձգութեան մի ահաւոր ձայն լսւեց։ Բարձրացայ մեր ընկերութեան չորսյարկանի շէնքի տանիքը։ Մեր աշխատակիցներից մի քանիսը հետեւեցին ինձ։ Ձայները գալիս էին մեր ընկերութեանը յարակից ԱՄՆի դեսպանատան շէնքի մօտից։ Նայեցինք դեսպանատան ուղղութեամբ եւ նկատեցինք, որ զինւած յեղափոխականներն ուզում են ներխուժել դեսպանատուն, իսկ ամերիկացի զինպահակները դիմադրում են։ Մեր գլխի վրայով մի քանի գնդակ սուրացին: Ես, վտանգը զգալով, բոլորին կարգադրեցի, որ տանիքից իջնեն ու մտնեն շէնք։ Հրաձգութիւնը տեւեց մէկ ժամ։ Այնուհետեւ եկաւ յեղափոխականների մի ուրիշ խումբ ու առաջիններին կարգադրեց, որ դադարեցնեն հրաձգութիւնը։
Այդ օրը շատ սպասեցի իմ ընկեր Աթաբաքիին, բայց նա չեկաւ։ Նոյն օրը՝ երեկոյեան, աւագ եղբայրս՝ Հենրիկը, հեռախօսով ինձ ասաց, որ ձերբակալել են քսանչորս գեներալների ու սպարապետերի եւ վերջիններիս նկարներն էլ հրապարակել են թերթերում։ Ձերբակալւածների մէջ էր նաեւ գեներալ Աթաբաքին։ Դրա յաջորդ օրը յայտարարեցին, որ ձերբակալւած քսանչորս հոգուն էլ արդէն գնդակահարել են։ Մի քանի օր յետոյ Աթաբաքիի կինն ինձ յայտնեց, որ այդ տեղեկութիւնները հաւաստի չեն, ու Աթաբաքին գընդակահարւածների մէջ չի եղել։


***


Ողջ երկրում գործադուլ էր։ Չէին աշխատում բանկերն ու մաքսատները։ Քաղաքի կարգը պաշտպանում էին երիտասարդ յեղափոխականները։
Արտասահմանում սովորող հազարաւոր ուսանողներ յեղափոխականներին օգնելու համար կիսատ էին թողել իրենց ուսումը եւ վերադարձել հայրենիք։ Անհաշիւ քանակով զէնք կար Ժողովրդի ու իրենց ապագան վտանգւած կամ անորոշ տեսնող խմբակցութիւնների թագստարաններում։ Զէնքի թալանն այն աստիճան մտահոգող ու վտանգաւոր էր դարձել, որ ԱՄՆի կառավարութիւնը հէնց նոյն թւականի Փետրւարի 15-ին յայտնեց իր պաշտօնական մտահոգութիւնը։
Յեղափոխութեանն ակտիւ մասնակցեցին նաեւ իրանահայերը։ Զօրանոցների վրայ յարձակւելու օրերին մի քանի հայ երիտասարդներ երկու զրահապատ մեքենայ էին զօրանոցից բերել ու տեղադրել Թեհրանի արեւելեան հայաշատ մասում, որպէսզի պաշտպանեն ժողովրդին։
Շատ կարճ ժամանակ յետոյ` նոյն թւականի Փետրւարի սկզբին, կազմւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին կառավարութիւնը, որը գլխաւորում էր վարչապետ, ճարտարագէտ Մեհդի Բազարգանը։ Սակայն, երկրի իրական ղեկավարն, ըստ էութեան, Յեղափոխական Խորհուրդ-ն էր, եւ կառավարութիւնը ենթարկւում էր այդ խորհրդին։
Յեղափոխականները չէին վստահում թագաւորական կարգերից մնացած ոստիկանութեանը։ Այդ իսկ պատճառով էլ կազմեցին կոմիտէներ, որոնք էլ շատ արագ երկրում կայուն ու խաղաղ վիճակ հաստատեցին։ Դրանից յետոյ իրանահայ համայնքն իրեն աւելի ապահով էր զգում։ Հայկական թաղամասերում նոյնպէս կային կոմիտէներ, որտեղ ծառայում էին նաեւ մի քանի հայեր։ Թեհրանի Հայոց Թեմի Խորհուրդն էլ իր հերթին ամէն ինչ անում էր, որպէսզի հայ համայնքում խաղաղութիւն հաստատւի։ Դրան նպաստեցին տարբեր հարցազրոյցներում Էմամ Խոմէյնիի արտայայտած մտքերը։

1979 թւականի Յունւարի 6-ին Փարիզի Նոֆել Դէ Շաթօ արւարձանում էմամ Խոմէյնիի հետ մի հարցազրոյց կայացաւ, որի ընթացքում վերջինս պատասխանեց նաեւ հայ թղթակիցների հարցերին։ Ահա այդ հարցերից մի քանիսը.

Թղթակից.- Դուք յայտնել էք, որ ցանկանում էք հիմնել Իրանի Իսլամական Հանրապետութիւն։ Չէի՞ք բացատրի, թէ այդ ցանկութիւնն իրականացնելու դէպքում, ինչ վիճակում կը յայտնւի Իրանում բնակւող հայկական համայնքը։
Էմամ.- Հայերն Իրանում ապրել են շատ վաղ ժամանակներից։ Նրանք էլ ժողովրդի այլ խաւերի պէս հողագործութեան, առեւտրի ու արհեստի ոլորտներում ունեցել են իրենց դերը։ Նրանք ապագայում էլ կունենան ազատութիւններ ու նրանց հետ կը վարւեն արդարութեամբ։

Թղթակից.-Ներողութիւն եմ խնդրում հարցս կըրկնելու համար։ Աշխարհի բոլոր հայերն իրենք իրենց հարց են տալիս, թէ արդեօք մի իսլամական իրաւակարգում հայերը կը կարողանա՞ն պահել իրենց լեզուն ու դպրոցը եւ կարո՞ղ են ազատ կատարել իրենց կրօնական արարողութիւնները։
Էմամ.- Իրաւունք կունենան, անշուշտ, իրաւունք կունենան։

Ստանալով երկրի նոր ղեկավարների կարծիքները՝ (ինչպէս օրինակ՝ Էմամի այս կարծիքը) իրանահայ ազգային ղեկավարները, թերթիկների վրայ բազմացնելով կամ հայ մամուլի մէջ տպագրելով, Յեղափոխական ժամանակաւոր կառավարութիւնը (այդպէս էր կոչւում ճարտարագէտ Մեհդի Բազարգանի կառավարութիւնը) անում էր ամէն ինչ, որպէսզի երկրի վիճակը, ինչքան հնարաւոր է, արագ կարգաւորւի։ Նոյն թւականի Փետրւարի 15-ին, Էմամ Խոմէյնին կոչ արեց բոլոր աշխատաւորներին, որ դադարեցնեն գործադուլը եւ Փետրւարի 18-ից անցնեն իրենց աշխատանքին։ Էմամն իր կոչի մէջ ասել էր. Իրանը նման է երկրաշարժից տուժած, նւաճողներից հարւած ստացած երկրի, որը կարօտ է մեր վերաշինութեանը։ Այնուհետեւ, դիմելով ժողովրդին, պահանջել էր, որ մարդիկ իրենց մօտ պահած զէնքը (300,000 կտորից աւելի) յանձնեն մզկիթներում նշանակւած պատասխանատուներին, որպէսզի երկիրը վերակառուցւի երիտասարդ նոր զինւորների ուժերով։
Յեղափոխութեան առաջին շաբաթն անցաւ հաճելի մթնոլորտում։ Ամէն բան ոգեւորող էր։ Թերթերը ազատօրէն, առանց որեւէ գրաքննութեան, լուրեր ու յօդւածներ էին հրատարակում, ինչը նորութիւն էր ժողովրդի համար։


***


Հարկ է նաեւ նշել, որ այդ օրերին ոմանք, օգտւելով ստեղծւած իրավիճակից, անձնական հաշիւներ էին մաքրում։ Այստեղ անդրադառնում եմ մեզ հետ պատահած երկու դէպքի։
Մի անգամ Սաթի ընկերութեան վարորդներից մէկն, առանց իրաւունքի, փոքր բեռնատար մեքենան վերցրել ու մէկ շաբաթով անհետացել էր։ Ստիպւած մի հոգու ուղարկեցի նրանց տուն, որ հարցը պարզի։ Տնեցիները պատասխանել էին, որ վարորդը քաղաքում չէ եւ կը վերադառնայ մէկ կամ երկու օրից։ Երբ վարորդը եկաւ, նրան իսկոյն ազատեցի աշխատանքից։ Նա էլ գնաց կոմիտէ ու ինձնից գանգատւեց։ Յաջորդ օրը կոմիտէից երկու հրացանաւոր եկան ընկերութեան գրասենեակ իմ ետեւից։ Իմանալուն պէս ներկայացայ։ Նրանք նախ հարցրին վարորդին հեռացնելու պատճառի մասին։ Իմ պատասխանը լսելուց յետոյ ասացին, որ վարորդը հիւանդ է եղել։ Յետոյ էլ ասացին, որ ես պարտաւոր եմ նրան նորից աշխատանքի ընդունելու։ Հրացանաւոր պաշտօնեան ինձ կարգադրելիս խաղում էր իր ձեռքի հինգ փամփուշտ պարունակող պահունակի հետ, որ ինձ վախեցնի։ Ես նրան ասացի, որ նախ ճիշտ կանի, եթէ այդ պահունակը գրպանը դնի, քանի որ դեռ ինքը չէր ծնւել, որ ես գիտէի դրա օգտագործելու ձեւը։ Յետոյ էլ հարցրի՝ արդեօ՞ք ինքը վստահ է, որ այդ վարորդը հիւանդ է եղել։ Եթէ ունի փաստեր, թող ներկայացնի։ Եւ կարեւոր է նաեւ այն հարցը, որ ես կասկածում եմ, որ վարորդն այդ մեքենայով արգելւած իրեր փոխադրած լինի։ Կամ էլ ինչ իմանայի, որ նա մեքենան չի օգտագործել գողութեան համար։ Եւ յետոյ՝ մեր ընկերութիւնում 200-ից աւելի պաշտօնեայ է աշխատում, ու եթէ ես՝ ընկերութեան տնօրէնս, խիստ չվարւեմ, չեմ կարող ղեկավարել իմ ընկերութիւնը։ Վերջում էլ ասացի՝ եթէ նոյնիսկ ինձ կանգնեցնի պատի տակ ու ասի, որ իր գրպանը մտցրած գնդակներով գնդակահարելու է ինձ, միեւնոյն է, ես վարորդին աշխատանքի ընդունողը չեմ։
Մի օր էլ, առաւօտեան ժամը 10-ին, ինձ տեղեկացրին, որ քսան զինւած յեղափոխականներ մտել են ընկերութեան շէնքն ու սենեակներում հարցաքըննում են մեր պաշտօնեաներին։ Յետոյ էլ ասացին, որ նրանք փնտրում են իմ գրասենակը։ Իջայ առաջին յարկ ու հանդիպեցի յեղափոխականներին: Ներկայանալով՝ միանգամից հարցրի, թէ ինչու են եկել Սաթի ընկերութիւն եւ ինչ նպատակ են հետապնդում։ Նրանցից մէկն ասաց, որ իրենց տեղեկացրել են, որ մեր ընկերութիւնը 2000-ից աւել աշխատող ունի, որոնք իրենց աշխատավարձը չեն ստանում, ու նաեւ այն, որ թագաւորը համարւում է մեր ընկերութեան գլխաւոր բաժնետէրերից մէկը, ում հետ ես բազմաթիւ նկարներ ունեմ, եւ իբր թէ գաղտնի միջոցներով մեր գումարն ուղարկում ենք արտասահման, թէ մեր բոլոր աշխատողները դժգոհ են եւ այլն, եւ այլն։ Իսկոյն հասկացայ, որ այդ անհիմն տեղեկութիւնները ստացել են ամիսներ առաջ աշխատանքից հեռացւած մեր ընկերութեան աշխատողներից մէկից։ Այդ պահին յիշեցի, որ, բարեբախտաբար, թագաւորի հետ ունեցած նկարները մէկ օր առաջ արդէն հանել էի ընկերութեան շէնքից ու սրանց խօսնակին ասացի, որ իրենց սուտ լուրեր են յայտնել։ Ասացի, որ թագաւորը երբեք այս ընկերութեան բաժնետէր չի եղել ու մեր ընկերութիւնն էլ ամբողջ երկրում ունի ընդամենը 200 պաշտօնեայ եւ ոչ թէ՝ 2000, որ նրանք բոլորն էլ գոհ են իրենց աշխատանքից ու դրա կենդանի վկայութիւնն այն հսկայ ծաղկեկողովն է, որը մի քանի օր առաջ պաշտօնեաները նւիրել են իրենց ընկերութեան տնօրէնին, այսինքն՝ ինձ, որպէս երախտագիտութեան նշան, ու իրենք կարող են գրասենեակում տեսնել այդ ծաղկեկողովը։ Իսկ ինչ վերաբերում է դրամ փոխանցելուն, եթէ իրենք խուզարկելու պաշտօնական իրաւունք ունեն, կարող են ստուգել բանկերի միջոցով փոխանցւած ողջ գումարն ու հասցէատէրերին։ Ասացի, որ ես ընկերութեան պաշտօնեաներին վճարել եմ նոյնիսկ այն վեց ամսւայ աշխատավարձը, երբ իրենք գործադուլ էին անում։ Ստուգողն ասաց, որ իրենց հակառակն են հաղորդել, թէ իբր տնօրինութիւնը նրանց աշխատավարձը պահել է ու չի վճարում։ Ասացի, որ կարող են այդ մասին հարցնել ընկերութեան աշխատակիցներից։ Ստուգողների աւագը մի քանի րոպէ տատանւելուց յետոյ ասաց, որ իրենց հրահանգել են, որ մի քանի օր մնան Սաթի-ի շէնքում ու հսկեն ողջ անցուդարձը։ Նրանց վերաբերմունքից հասկացայ, որ խօսակցութիւնը շարունակելն անիմաստ է: Հետեւաբար, յաջորդ օրը մի նամակ յղեցի Այաթօլլահ Խամէնէիին, որն այդ օրերին Թեհրանի ուրբաթօրեայ աղօթքի հոգեւոր առաջնորդն էր։ Նամակով խնդրեցի, որ, ինչքան հնարաւոր է, շուտ ետ կանչեն այդ զինւած յեղափոխականներին։ Ճիշտ յաջորդ օրը՝ առաւօտեան, չորս տարեց յեղափոխականներ, մտնելով մեր գրասենեակ, նախ ստուգեցին, թէ ով է եղել դիմում գրողը։ Երբ իմացան, որ գրողը ես եմ, նախ մի քանի հարցեր ուղղեցին ինձ։ Այնուհետեւ, չորրորդ յարկից իջնելով առաջին յարկ ու բակում հաւաքելով ջոկատի քսան զինեալներին, նրանց հարցաքննեցին, պարզեցին, թէ ով է իրենց ուղարկել, եւ կարգադրեցին շտապ թողնել ընկերութեան շէնքն ու վերադառնալ իրենց կենտրոն։ Յետոյ հրահանգող աւագը մեզ ասաց, որ մեզ նեղութիւն տւողները Մոջահեդին Խալղ կուսակցութիւնից էին, իսկ նրանց անհիմն տեղեկութիւններ տւողը եղել է մեր ընկերութիւնից ազատւած հայ վարորդը։


***


Յեղափոխութեան յաղթանակից արդէն անցել էր մի քանի ամիս։ Երկրում հաճելի մթնոլորտ էր։ Մարդիկ իրար դիմում էին` օգտւելով եղբայր եւ քոյր բառերից։ Պետական հիմնարկներում ժողովրդի հետ շատ յարգանքով էին վարւում։ Կաշառակերութիւնն ու ստախօսութիւնը համարեա վերացւել էին։ Երկրում անվտանգութիւն էր հաստատւել, հազւադէպ էին գողութիւններ լինում։ Միայն մի քանի թաղամասերում գիշերները հրաձգութեան ձայներ էին լսւում։ Ուսանողները գարնանն ու ամռանը գիւղ էին գնում՝ գիւղացիներին օգնելու համար։ Տղամարդկանց մեծ մասը չէր սափրւում։ Կանանցից ոմանք կամաւոր, ոմանք էլ, որպէս յարգանքի նշան, գլխաշոր էին կապում։ Այդ կամաւոր քայլը հետագայում դարձաւ պարտադիր, այսինքն՝ երկրի բոլոր կանանց անխըտիր պարտադրեցին, որ դրսում ներկայանան իսլամական հագուստով (գլխաշոր, գուլպայ ու վերնազգեստ)։ Այդ որոշումը սկզբնական շրջանում դժգոհութիւններ առաջացրեց, բայց յետոյ ժողովուրդը աստիճանաբար հաշտւեց նոր օրէնք դարձած այդ որոշման հետ։ Հայ համայնքի կանայք էլ, ենթարկւելով այդ օրէնքին, սեւ, մոխրագոյն կամ մուգ կապոյտ վերնազգեստ էին հագնում ու գլխաշոր կապում։ Այդ օրերին իրանահայ համայնքում կատարւած կարեւոր իրադարձութիւններից էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր Արտակ Արքեպիսկոպոս Մանուկեանի հանդիպումը երկրի յեղափոխութեան առաջնորդ Էմամ Խոմէյնիի հետ։ Սրբազան Հօր այցն Էմամ Խոմէյնիին անկիւնադարձային դեր ունեցաւ իրանահայ համայնքի կեանքում։ Այդ հանդիպման արձագանքը մեծ էր Իրանի բոլոր լրատւական միջոցներն անդրադարձան այդ պատմական հանդիպմանը։ Թեհրանում հրատարակւող ամենաբազմաքանակ օրաթերթը՝ Քէյհանը, անդրադառնալով այդ հանդիպմանը, գրեց.

ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԸ ԷՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻՆ
Հայերի Գերաշնորհ Սրբազանը 1979 թւականի Մարտի 29-ին այցելեց Էմամ Խոմէյնիին։ Այդ հանդիպման ընթացքում հայերի առաջնորդն Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի առթիւ շնորհաւորեց Էմամին ու Իրանի ժողովրդին եւ յայտնեց հայերի պատրաստակամութիւնը շարունակելու օժանդակել յեղափոխականներին։
Սրբազանին լսելուց յետոյ՝ Էմամ Խոմէյնին ասաց. Այս յեղափոխութեան ձեռքբերումներն իրենց դրական ազդեցութիւնը կունենան նաեւ Իրանի փոքրամասնութիւնների վրայ: Իսլամը բարեացակամ է ուրիշ գաղափարախօսութիւնների ու կրօնների նկատմամբ։ Հանդիպման վերջում հայերի առաջնորդը մի գրութիւն յանձնեց Էմամ Խոմէյնիին, որի մէջ շեշտւած էր, որ Իրանի թշնամիները ոչ միայն երկրի հարստութիւնն են կողոպտում,այլեւ այլասերում են ժողովրդի հաւատն ու հոգին եւ երկրում անառակութիւն տարածում։ Պայքարը միայն միապետութեան ու գաղութարարութեան դէմ չէ, այլ արմատական պայքար է ապականութեան դէմ,պայքար է արդարի եւ անիրաւի միջեւ։ Այդ նամակում նշւած էր. Ոմանք, ովքեր դեռ իսլամական շարժման էութեանն անծանօթ են, քրիստոնեաների հարստութիւնն ու գոյքը պահպանելու քօղի տակ կամենում են քրիստոնեաներին ու մուսուլմաններին պառակտել։ Բայց Իրանի հայերն արթուն են ու կը չէզոքացնեն այդ նենգագործներին։ Իրանահայութիւնը, յեղափոխութեան առաջին օրերից միանալով իր մուսուլման եղբայրներին, մասնակցել է գործադուլներին, համահաւաքներին ու քայլարշաւներին։ Յեղափոխութեան բոլոր լուրերը արտացոլւել են հայկական Ալիք օրաթերթում: Հայերն էլ ակտիւ մասնակցել են այդ մեծ յեղափոխութեանը ու տւել են բազմաթիւ զոհեր: Իրանահայերը, իրենց մուսուլման եղբայրների հետ միատեղ, այդ պայքարը կը շարունակեն մինչեւ այն պահը, երբ երկրում արմատախիլ լինեն անարդարութիւնն ու բռնութիւնը։
Այդ նամակի վերջում նշւած էր, որ իրանահայերն Իրանի անկախութիւնն ու միասնականութիւնը պաշտպանելը համարում են իրենց ազգային գերպարտականութիւնը։

Նշեմ նաեւ, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Արտակ արք. Մանուկեանն ու Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Նահապետեանն, առանձին կոչերով ժողովրդին յորդորեցին, որ անպայման մասնակցեն Իսլամական Հանրապետութեան հաստատման քւէարկութեանը։

 

Յոյս թիւ 68

10 Փետրւար 2010