1357 ԹՒԱԿԱՆԻ (1979 թ.) ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ

 

Էթելաաթ օրաթերթի յօդւածը եւ հայհոյանք Էմամ Խոմէյնիին
Կանանց իսլ. ծածկոցի արգելման տարեդարձի առթիւ Ահմադ Ռոշդի Մոթլաղը Իրանը եւ կարմիր ու սեւ գաղութատիրութիւնը խորագրով մի յօդւած հրատարակեց, որտեղ արհամարհական խօսքեր էր ուղղւել հոգեւորականներին եւ յատկապէս Այաթօլլահ Խոմէյնիին։

1356 թ. Կիրակի, 18 Դէյ (8.1.1978)
Մարդկանց հակազդեցութիւնը Էթելաաթ-ի հանդէպ
Զայրոյթի ու ատելութեան ալիքը տարածւել էր ողջ Իրանում, որի անմիջական ազդեցութիւնը երեւան եկաւ Ղոմում։ Կրօնական դպրոցներն ու քարոզչական կենտրոնները փակւեցին։ Էթելաաթ օրաթերթի համարներից շատերը պատռւեցին եւ ցոյցեր կատարւեցին։ Ոստիկանութիւնը միջամտեց եւ բախումներ տեղի ունեցան։

1356 թ. Երկուշաբթի, 19 Դէյ (9.1.1978)
Ղոմի ժողովրդի արիւնալի ընդվզումը
Կրօնական դպրոցների սաները համախմբւեցին Խան կրօնական դպրոցի եւ Ասթանէ հրապարակի առջեւ եւ այնտեղից ուղեւորւեցին դէպի բարձրաստիճան հոգեւորականների բնակարանները։ Այն տեւեց մինչեւ կէսօր, որից յետոյ կարգապահական ուժերը Սաւաքի (Իրանի ժամանակի անվտանգութեան կազմակերպութիւնը) կարգադրութեամբ կրակ բացեցին նրանց վրայ։

1356 թ. Շաբաթ, 29 Բահման (19.1.1978)
Թաւրիզի ժողովրդի ընդվզումը
Ղոմի զոհւածների քառասունքի առթիւ, Թաւրիզի ժողովուրդը ոտքի կանգնեց եւ յարատեւութիւն հաղորդեց շարժմանը։ Այդ օրը Թաւրիզում ընդհանուր սուգի օր էր յայտարարւել։ Ոստիկանութիւնը շրջապատելով արգելեց մարդկանց մուտքը մզկիթներ։ Ժողովրդին ցրելու համար օդային կրակ բացեցին, սակայն մարդիկ գրոհելով ոստիկանութեան վրայ, Ողջոյն Խոմէյնիին, մահ թագաւորին կոչելով, քայլարշաւի դիմեցին։ Ոստիկանութիւնը դիմադրել չկարողանալով, օգնութիւն պահանջեց բանակից եւ այդպիսով արեան մէջ խեղդեց այդ ցոյցերը։

1357 թ. Հինգշաբթի, 10 Ֆարւարդին (10.3.1978)
Եազդի ժողովրդի ընդվզումը
Ֆարւարդինի 9-ին եւ 10-ին Եազդի ժողովուրդը որպէս յարգանք Թաւրիզի ժողովրդի զոհւածների, բոյկոտեց իրանական նոր տարւայ տօնակատարութիւնը։ Ֆարւարդինի 10-ը յայտարարւեց ոչ աշխատանքային օր, եւ մարդիկ մզկիթներում խմբւելով, պահանջեցին Էմամ Խոմէյնիի վերադարձը, քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը եւ Փահլաւի վարչակարգի կործանումը։ Սակայն կենտրոնացւած ոստիկանութիւնը եւ բանակային ուժերը կրակ բացեցին ժողովրդի վրայ եւ մեծ թւով մարդիկ սպանւեցին ու վիրաւորւեցին։
1357 թ. Ուրբաթ, 30 Թիր (21.7.1978)
Հազրաթ Մահդիի ծննդեան օրը
Ժողովուրդը Փահլաւի վարչակարգի դէմ իր բողոքն ու դժգոհութիւնն արտայայտելու համար, այդ տօնական օրւայ առթիւ հրաժարւեց փողոցները, ըստ կարգի, լուսազարդել եւ հանդէսներ կազմակերպել։
1357 թ. Շաբաթ, 21 Մորդադ (12.8.1978)
Իսֆահանում արիւնալի բախումներ եղան եւ քաղաքում արտակարգ իրավիճակ յայտարարւեց զինւորական հրամանատարութեան կողմից։

1357 թ. Շաբաթ, 28 Մորդադ (19.8.1978)
Աբադանի Ռեքս կինօթատրոնի դահլիճի աղէտը
Աբադանի Ռեքս սինեմայի հրկիզումը, որտեղ բանից անտեղեակ մարդիկ զբաղւած էին ֆիլմ դիտելով։
Այս աղէտալի դէպքի հետեւանքով 40-60 անմեղ մարդիկ զոհւեցին։

1357 թ. Կիրակի, 5 Շահրիւար (27.8.1978)
Ջամշիդ Ամուզեգարի կառավարութեան անկումը
Աբադանի Ռեքս սինեմայի ողբերգութեան, ինչպէս նաեւ կառավարութեան միջոցով ժողովրդի ապստամբութիւնը զսպել չկարողանալու պատճառով, վարչապետ Ամուզեգարը հրաժարւեց իր պաշտօնից։

Շարիֆ Էմամիի կառավարութիւնը
Ամուզեգարի կառավարութեան անկումից յետոյ, Շարիֆ Էմամիին յանձնարարւեց նոր կառավարութիւն կեանքի կոչել։

1357 Թ. Շաբաթ, 13 Շահրիւար (4.9.1978)
Ֆեթր տօնի քայլարշաւ
Ֆեթր տօնի համաժողովրդական աղօթքը Թեհրանում կատարւեց միլիոնաւոր հաւատացեալների մասնակցութեամբ, որից յետոյ տեղի ունեցաւ քայլարշաւ եւ պահանջւեց թագաւորական կարգերի վերացումը։

1357 թ. Ուրբաթ, 17 Շահրիւար (8.9.1978)
Արիւնոտ Ուրբաթ
Ֆեթր տօնի քայլարշաւից յետոյ, մարդիկ տեսնելով, որ զինւորական ուժերը խաղաղ ցոյցերին այլեւս չեն միջամտում, աւելի յուսադրւեցին։ Ուրբաթ օրը, Շահրիւարի 17-ի վաղ առաւօտեան, մարդիկ խումբ-խումբ շարժւեցին դէպի Ժալէ (այժմ՝ Շոհադա) հրապարակը։ Կառավարութիւնը առաւօտեան ժամը 6-ին Թեհրանում եւ 12 այլ քաղաքներում զինւորական դրութիւն յայտարարեց, եւ զինւորները կատարեալ սպառազինւած շրջապատեցին յանկարծակիի եկած մարդկանց եւ սկսեցին կրակ բացել ցուցարարների վրայ, որի հետեւանքով հազարաւոր մարդիկ զոհւեցին այդ հրապարակում եւ քաղաքի այլ մասերում։

1357 թ. Կիրակի, 2 Մեհր (24.9.1978)
Էմամ Խոմէյնիի բնակարանը շրջապատւեց Իրաքի ոստիկանութեան միջոցով։

1357 թ. Երկուշաբթի, 3 Մեհր (25.9.1978)
Ռասթախիզ (Վերածնունդ) կուսակցութիւնը, որը կեանքի էր կոչւել Փահլաւի վարչակարգի միջոցով, կազմալուծւեց։

1357 թ. Երկուշաբթի, 10 Մեհր (2.101978)
Էմամ Խոմէյնին Իրաքից մեկնում է Քուէյթ
Իրաքի կառավարութիւնը Էմամ Խոմէյնիի քաղաքական գործունէութիւնը սահմանափակելու եւ ճնշումներն աւելացնելու համար, նրան հարկադրեց հեռանալ այդ երկրից, դրա համար էլ նա որոշեց մեկնել Քուէյթ, սակայն Քուէյթի կառավարութիւնը թոյլ չտւեց մուտք գործել այդ երկիր։

1357 թ. Հինգշաբթի, 13 Մեհր (5.10.1978)
Էմամ Խոմէյնին ժամանում է Փարիզ
Էմամ Խոմէյնիին այլեւս թոյլ չի տրւում մուտք գործել Քուէյթ, դրա համար էլ նա ուզում է վերադառնալ Նաջաֆ, սակայն Իրաքի կառավարութիւնը արգելում է, եւ նա որոշում է պայքարը շարունակելու համար մեկնել Ֆրանսիա։

1357 թ. Երկուշաբթի, 17 Մեհր (9.10.1978)
Էմամ Խոմէյնիի Փարիզից Նոֆէլ Լօ Շաթօ տեղափոխւելը
Ֆրանսիայի կառավարութիւնը արգելում է Էմամ Խոմէյնիի քաղաքական գործունէութիւնը։

1357 թ. Չորեքշաբթի, 19 Մեհր (11.10.1978)
Մամուլի անձնակազմը ամբողջ երկրում գործադուլ է յայտարարում։

1357 թ. Երկուշաբթի, 24 Մեհր (16.10.1978)
Փահլաւի վարչակարգը Քերմանի Մասջեդ Ջամէը հրոյ ճարակ դարձրեց։
Շահրիւարի 17-ի զոհւածների քառասունքի առթիւ ընդհանուր սուգ յայտարարւեց։

1357 թ. Շաբաթ, 29 Մեհր (21.10.1978)
Նաւթի արդիւնաբերութեան աշխատաւորութիւնը գործադուլ կատարեց։

1357 թ. Երկուշաբթի, 8 Աբան (30.10.1978)
Այաթօլլահ Թալեղանին ազատւեց Փահլաւի վարչակարգի կալանքից։

1357 թ. Չորեքշաբթի, 10 Աբան (1.11.1978)
Բանակն իր ձեռքն առաւ երկրի նաւթային հաստատութիւնների հսկողութիւնը։

1357 թ.Շաբաթ, 13 Աբան (4.11.1978)
Թեհրանի համալսարանի առջեւ աշակերտների եւ ուսանողների ցոյցերը արիւնով շաղախւեցին։
Այաթօլլահ Մոֆաթեհն ազատ արձակւեց բանտից։

1357 թ. Երկուշաբթի, 15 Աբան (6.11.1978)
Աբանի 13-ի արիւնոտ դէպքերի հետեւանքով Շարիֆ Էմամիի պետական կազմը հրաժարւեց իր պաշտօնից։
Գեներալ Ազհարին նշանակւեց վարչապետ եւ կազմեց զինւորական կառավարութիւն։

1357 թ. Ուրբաթ, 10 Ազար (1.12.1978)
Շէնքերի տանիքների վրայից ամբողջ երկրի ժողովուրդը աղաղակեց Ալահ օ Աքբար (Աստւած մեծ է)։

1357 թ. Երկուշաբթի, 11 Դէյ (1.1.1979)
Մաշհադի արիւնոտ օրերը
Մաշհադի ժողովրդի ցոյցերը ծաւալւելով, զինւորութիւնն ու անվտանգութեան ուժերը Դէյի 9-ին, 10-ին եւ 11-ին Էմամ Ռեզայի սրբավայրում ու փողոցներում մարդկանց վրայ յարձակւելով, շատերին սպանեցին ու վիրաւորեցին։

1357 թ. Շաբաթ, 16 Դէյ (6.1.1979)
Ազհարիի զինւորական կառավարութեան անկումը
Իրանի Ազգային ճակատ կուսակցութեան անդամ Շահփուր Բախտիարը թագաւորից յանձնարարութիւն ստացաւ նոր կառավարութիւն կազմելու, եւ նշանակւեց վարչապետ։

1357 թ. Շաբաթ, 23 Դէյ (13.1.1979)
Էմամ Խոմէյնիի կարգադրութեամբ կազմւեց Յեղափոխութեան խորհուրդ։

1357 թ. Երեքշաբթի, 26 Դէյ (16.1.1979)
Թագաւորը գնաց
Իրանն այդ օրը լոյսերի, ծաղիկների ու քաղցրաւենիքի մէջ ողողւեց։ Մարդիկ տօնում էին Մոհամմադ Ռեզա Փահլաւիի փախուստը։ Թագաւորը, որ հիւանդ լինելու եւ բուժւելու պատրւակով հեռացաւ երկրից, փաստօրէն պատրաստւում էր 1332 թւականի Մորդադի 28-ի (1956) նման մի զինւորական յեղաշրջում կատարելու։

1357 թ. Ուրբաթ, 29 Դէյ (19.1.1979)
Իրանի ժողովրդի կատարած միլիոնաւոր քայլարշաւի ընթացքում յայտարարւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքները։

1357 թ. Երեքշաբթի, 3 Բահման (23.1.1979)
Թագաւորական խորհուրդը, որը կազմւել էր թագաւորական կարգերի պահպանման նպատակով, կազմալուծւեց։

1357 թ. Չորեքշաբթի, 4 Բահման (24.1.1979)
Որպէսզի Էմամ Խոմէյնին չկարողանայ Իրան վերադառնալ, բանակը պաշարեց Մեհրաբադ օդանաւակայանը։

1357 թ.Հինգշաբթի, 5 Բահման (25.1.1979)
Բախտիարի կառավարութիւնը երեք օր փակեց երկրի օդանաւակայանները։

1357 թ. Շաբաթ, 7 Բահման (27.1.1979)
Որպէս բողոք երկրի օդանաւակայանների փակմանը, հոգեւորականները Թեհրան համալսարանում նստացոյց կատարեցին։
Թեհրանի ժողովրդի միլիոնաւոր քայլարշաը տեղի ունեցաւ Սաֆար ամսի 28-ի առթիւ։

1357 թ. Երկուշաբթի, 9 Բահման (29.1.1979)
Մեհրաբադ օդանաւակայանը բացւեց Էմամ Խոմէյնիի գալստեան համար։
Մեհրաբադ օդանաւակայանը բացելու առթիւ ժողովրդի կատարած գործադուլների, քայլարշաւների եւ ցոյցերի արդիւնքում, Բախտիարի կառավարութիւնը վերացրեց օդանաւակայանի պաշարումը։

1357 թ. Կիրակի, 11 Բահման (1.2.1979)
Բանակի գործողութիւնը Թեհրանի պողոտաներում
Կառավարութիւնը ժողովրդին սարսափի մէջ պահելու համար զինւորական տողանցք կազմակերպեց Թեհրանի պողոտաներում՝ շշուկներ տարածելով, թէ բանակը զինւորական յեղաշրջում է կատարում, որպէսզի այդպիսով կարողանայ շեղել Իրանի ժողովրդի պայքարի ընթացքը։

1357 թ. Հինգշաբթի, 12 Բահման (2.2.1979)
Առաւօտեան 9 անց 27 րոպէ, 30 վայրկեանին, Էմամ Խոմէյնին՝ 15 տարի աքսորից յետոյ ոտք դրեց Իրանի հողի վրայ։
Զինւորական հրամանատարութիւնը ժողովրդի ճնշման հետեւանքով, երեք օր ազատ թողեց քայլարշաւ կատարելը։
Ռադիօհեռուստատեսութեան կազմակերպութեան շրջափակում տեղակայւած զինւած ուժերը ընդհատեցին դիմաւորման հանդիսութեան ուղիղ եթերումը։

1357 թ. Երեքշաբթի, 17 Բահման (7.2.1979)
Էմամ Խոմէյնին ժողովրդին ներկայացրեց ժամանակաւոր կառավարութեանը՝ ճարտգ. Մեհդի Բազարգանի ղեկավարութեամբ։

1357 թ. Երեքշաբթի, 19 Բահման (9.2.1979)
Ժողովուրդը ժամանակաւոր կառավարութեանը հովանաւորելու համար ամբողջ երկրում քայլարշաւ կատարեց։
Բանակի օդուժն իր ուխտը կնքեց Էմամ Խոմէյնիի հետ։
Էմամն ուխտի գնաց Աբդոլ Ազիմ։

1357 թ.Ուրբաթ, 20 Բահման (10.2.1979)
Հիմնական օրէնքի կողմնակիցները, համախմբւելով Ամջադիէ (այժմ Նահատակ Շիրուդի) ստադիոնում, ցոյցեր կատարեցին։
Գիշերւայ ժամը 9-ին, թագաւորական գւարդիան գրոհեց Թեհրանի արեւելքում գտնւող (այժմ Դամաւանդ պողոտայ) օդուժի զօրակայանի վրայ։
Մարդիկ զինւեցին՝ օդուժի զինւորներին օգնելու համար։

1357 թ. Շաբաթ, 21 Բահման (11.2.1979)
Բախտիարի կառավարութիւնը պարետային ժամերը երկարաձգեց, դարձնելով ժամը 4-ից։
Էմամ Խոմէյնին մերժելով արտակարգ դրութիւնն ու պարետային ժամը, ժողովրդից պահանջեց չյարգել այն եւ դուրս գալ փողոց։
Թեհրանում եւ գաւառներում խիստ բախումներ տեղի ունեցան թագաւորական գւարդիայի զինւորների ու զինւած մարդկանց միջեւ։

1357 թ. Երկուշաբթի, 22 Բահման (12.2.1979)
Թեհրանը դարձաւ Փահլաւի վարչակարգի զինւորների եւ մարդկանց արիւնայեղ ռազմաբեմ։
Ի վերջոյ, բոլոր զինեալ ուժերը յանձնւելով եւ Իրանի ժողովրդի վերջնական յաղթանակով, 57 տարի բռնատիրութիւնից յետոյ, կործանւեց Փահլաւեան թագաւորական վարչակարգը։

 

Յոյս թիւ 68

10 Փետրւար 2010