ԱՇԽԱՐՀԸ2000-ԱԿԱՆՆԵՐԻՆ

 

10 տարի սրանից առաջ, 1999-ի Դեկտեմբերին, երբ աշխարհը մուտք էր գործում

երրորդ հազարամեակ, ո՞վ գիտէր, թէ ինչ էր լինելու աշխարհի վիճակն այսօր։

Ռ. Ս.

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ
Պատմական նո՞ր շրջան

 

2001 թւականի Սեպտեմբերի 11-ին պատմութեան ամենամեծ ահաբեկչական գործողութեամբ, երկու օդանաւեր բախւեցին Նիու-Եօրքի միջազգային առեւտրի երկւորեակ աշտարակներին՝ հողին հաւասարեցնելով նրանց, խլելով աւելի քան 2800 մարդկային կեանք։ Սեպտեմբեր 11-ը պատրւակ հանդիսացաւ ամերիկեան աշխարհակալութեան մի նոր շրջանի համար, որը կոչւեց ահաբեկչութեան դէմ պայքարի շրջան։ Ահաբեկչութիւնը փոխարինեց կոմունիզմ-ին, որպէս արեւմուտքին սպառնացող մեծ վտանգ, եւ այդ պատճառաբանութեամբ Ամերիկեան եւ Նատոյի ուժերը նախ գրաւեցին Իրաքը, որը համարեա ոչ մի կապ չունէր Սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան հետ, ապա եւ Աֆղանստանը։ Սակայն մինչ օրս, չի ձերբակալւել Օսամա Բեն Լադենը՝ Ալ Քայիդա կազմակերպութեան ղեկավարը, որը պաշտօնապէս յանձն է առել Նիու-Եօրքի երկւորեակ բուրգերի պայթեցման պատասխանատւութիւնը։

 

 

ՍԱԴԴԱՄԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ
Իրաքի Քուրդստանը դը ֆակտօ անկախ է

 

10 տարի սրանից առաջ Իրաքում իշխում էր, աշխարհի ամենաբըռնակալ ղեկավարներից մէկը՝ Սադդամ Հուսէյն Թաքրիթին։ Նա իր իշխանութիւնը պահպանելու նպատակով ոչ մի բանի առջեւ կանգ չէր առնում, նոյնիսկ, երբ նրա փեսաները ապաստանեցին Յորդանան, ուր եւ քննադատեցին նրան, նա խոստացաւ նրանց, Իրաք վերադառնալու դէպքում չպատժել, սակայն Բաղդադ հասնելուն պէս, անմիջապէս գնդակահարեց նրանց։ Սադդամը յարձակւեց Իրանի, յետոյ Քուվէյթի վրայ, եւ քիմիական ռմբակոծութեան ենթարկեց իրաքեան Քուրդստանի Հալաբչէ քաղաքը, որի հետեւանքով զոհւեցին հազարաւոր անմեղ մարդիկ, յատկապէս կանայք եւ երեխաներ։ 2003 թւականի Մարտի 20-ին, ամերիկեան եւ Նատոյի զինեալ ուժերը ծաւալուն յարձակում շղթայազերծեցին Իրաքի դէմ, եւ երկու շաբաթւայ ընթացքում գրաւեցին Բաղդադը։ Այս յարձակման դրդապատճառը, իբր Իրաքի զանգւածային սպանութեան զէնքերն էին, որոնք հէնց այդպէս էլ չյայտնաբերւեցին հետագայ տարիների մանրազնին խուզարկումների ընթացքում։ 2006 թւականի Դեկտեմբերի 30-ին կախաղան բարձրացւեց Սադդամը. Իրաքը փրկւեց նրա դիկտատուրայից, սակայն մինչ օրս չունի կայացած կառավարութիւն եւ հարիւրաւոր մարդիկ զոհ են գնում միջ-դաւանանքային պայթիւնների։ Վերջին վիճակագրութիւնների համաձայն, Իրաքի գրաւման ընթացքում սպանւել են 4000-ից աւելի ամերիկեան զինւորներ, այն ինչ 100 հազարից աւելի իրաքցիներ զոհւել են ամերիկեան զինեալ գործողութիւնների ընթացքում կամ ահաբեկչական պայթիւնների հետեւանքով։
Իրաքի Քուրդստանը դը ֆակտօ անկախ է, եւ Իրաքի ինքնավարութեան շարժման վաղեմի ղեկավար Ջալալ Թալեբանին Իրաքի նախագահն է։
 

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Բեն Լադենը դեռ չի ձերբակալւել

 

10 տարի առաջ, Աֆղանստանում իշխում էր թալիբներ կոչւող ծայրայեղական իսլամական խըմբակցութիւնը։ Նրանց իշխանութեան ներքոյ կանայք իրաւունք չունէին առանց բուրքայի փողոց դուրս գալ. չէր թոյլատրւում աղջիկներին ուսում ստանալ դպրոցներում եւ համալսարաններում։ 2001 թւականի Հոկտեմբերի 7-ին ամերիկեան ուժերը սկսեցին ռըմբակոծել Աֆղանստանը, Նոյեմբերի 12-ին գրաւեցին Կաբուլը, որտեղից դուրս քշեցին թալիբներին։ 2004 թւականի Հոկտեմբերի 9-ին կայացած ընտրութիւնների արդիւնքում նախագահ ընտրւեց ամերիկամէտ Համեդ Քարզայը, որը վերընտրւեց այս տարի։ Սակայն թալիբները շարունակում են գոյատեւել երկրի զանազան շըրջաններում, նաեւ Պակիստանում, եւ օր-օրի ուժեղանում, հաւանաբար, Պակիստանի անվտանգութեան կազմակերպութիւնների հովանաւորութեամբ։

 

 

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՏԱՔԱՑՈՒՄ
Արձանագրւած ամենատաք տասնամեակը

 

2000-ականներին երկիր մոլորակը առաւել քան երբեւէ տաքացաւ եւ այսօր նոյնպէս շարունակում է տաքանալ։ Դրա պատճառը մեծ քանակութեամբ CO2 գազի արտադրութիւնն ու արտանետումն է դէպի մթնոլոլրտ, որի պատճառով տեղ-տեղ բացւել է օզոնի շերտը, որի համար պատասխանատու են առաջին հերթին աշխարհի զարգացած արդիւնաբերական երկրները։ Համաշխարհային մետերլոգիական կազմակերպութեան յայտարարութեան համաձայն, 2000-2009 տասնամեակը երկրագնդի արձանագրած ամենատաք տասնամեակն է եղել (օդի ջերմաստիճանի չափումն ու արձանագրունը սկսւել է 1850-ականներից)։ 2009 թւականին կայացաւ Կոպենհագենի միջազգային համաժողովը, ուր յոյս կար աշխարհի գերմեծերը համաձայնութեան կը գան իւրաքանչիւրն իր դերը կատարելու երկրագունդը փրկելու համար, որն իհարկէ նշանակում է ներդրում կատարել եւ միեւնոյն ժամանակ թոյլ տալ միջազգային հսկիչներին՝ ստուգելու իւրաքանչիւր երկրի յանձնառութիւնների կատարումը։ Ակնկալւող համաձայնութիւնը, ցաւօք, չստացւեց, յատկապէս Չինաստանի հետ, որը միջազգային վերահսկողութիւնը համարում է իր ազգային իշխանութեան խախտում։

 

ԱՄՆ-Ի ԱՌԱՋԻՆ ՍԵՒԱՄՈՐԹ ՆԱԽԱԳԱՀԸ
Օբաման դժւարանում է իրականացնել իր խոստումները

 

2008 թւականի Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի նախագահ ընտրւեց Դեմոկրատ կուսակցութեան թեկնածու Բարակ Օբաման. Նա Ամերիկայի առաջին սեւամորթ նախագահն է, որը մեծացել է գաղթական ընտանիքում։ Նրա ընտրւելը մեծ խանդավառութիւն ստեղծեց թէ՛ ամերիկացի միջին ու ցածր խաւերի մէջ, եւ թէ՛ միջազգային մասշտաբով։ Օբամայի ընտրութիւնը վերականգնեց Ամերիկայի միջազգային վարկը, որը Ջորջ Բուշի 8-ամեայ նախագահութեան օրօք, նրա պատերազմական եւ աշխարհակալական քաղաքականութիւնների հետեւանքով մեծ անկում էր ապրել։ Օբաման դժւարանում է իրականացնել իր խոստումները. Գուանթանամոյի բանտը դեռ գործում է, եւ նա նոր ուժեր է ուղարկել Աֆղանստան, իսկ միեւնոյն ժամանակ նա ստացել է խաղաղութեան Նոբելեան մրցանակը։ Օբաման 2009 թւականի Յունիսին Կահիրէի համալսարանում արտասանած իր ելոյթի ընթացքում ողջունեց իսլամական աշխարհին, յայտարարելով, որ Ամերիկան երբեւէ չի ցանկանում պատերազմել իսլամի դէմ։

 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Չինաստանը՝ տնտեսական նոր հսկայ

 

2007-ի վերջին ամիսներից աշխարհը օր-օրի աւելի է մխրճւել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի մէջ, որի հետեւանքով անգործութիւնը եւ արդիւնաբերական մեծ տնտեսութիւնների բացասական աճը դարձել է աշխարհի առաջին խնդիրը։
2000-ականների ընթացքում շարունակւել է Հնդկաստանի եւ յատկապէս Չինաստանի տնտեսական աճը։ Չինական սպառողական ապրանքներով են լցւում աշխարհի շուկաները։
 

ԱՒԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺՆԵՐ ՈՒ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ
Համաշխարհային համաճարակներ

 

2004 թւականի Դեկտեմբերի 26-ին Հնդկական ովկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով առաջացած Ցունամին, հարաւ-արեւելեան Ասիայում (Մալայզիա, Ինդոնեզիա, եւ այլն) խլեց 150000 մարդկային կեանք։ Դա պատմութեան ընթացքում արձանագրւած ամենաուժգին ցունամին էր, եւ հինգերորդ ամենադաժան բնական աղէտը։ Չինաստանի Սիչուանի (2008), Իրանի Բամի (2003) եւ Քաշմիրի (2005) երկրաշարժերին եւս զոհ գնացին տասնեակ հազարաւոր մարդիկ։
2005 թւականի Օգոստոսի 23-ին, Կատերինա պտտահողմի հետեւանքով, համարեա հողին հաւասարւեց ԱՄՆ-ի Նիւ Օրլէան նահանգը։
2000-ականները նաեւ զանազան համաճարակների տարիներ էին՝ սկսած կովի կատաղութիւն կոչւած հիւանդութիւնից մինչեւ թռչնագրիպ ու խոզագրիպ։ Վերջինս դեռ շարունակում է զոհեր խլել ողջ աշխարհում։

 

ՄԻ ՔԱՅԼ ԵՒՍ ԴԷՊԻ ՀՐԱՏ
Ձախողութիւնների մոխրից ծնւած Փիւնիկ-ը

 

2008 թւականի Մայիսի 26-ին, Հրատը (Մարս մոլորակը) հիւրընկալեց երկրագնդի վերջին դեսպանին։ Փիւնիկ-ի ռոբոտային զարգացած լաբորատորիան, երկուշաբթի, վաղ առաւօտեան, ժամը 4։26-ին յաջողութեամբ վայրէջք կատարեց նախատեսւած վայրում եւ այդ հետաքրքիր տեսարանից առաջին պատկերներն ուղարկեց երկիր մոլորակ։ Այս պեղումները կատարող տիեզերանաւը երկրագնդի ու Հրատի 700 միլիոն կիլոմետրանոց հեռաւորութիւնը 10 ամսւայ ընթացքում կտրեց եւ յաջողութեամբ ու անվթար հասաւ նպատակակէտին։ Փիւնիկ-ի վայրէջքը Հրատի վրայ մեծապէս յուզել է տիեզերանաւորդութեան սիրահարներին, որոնք դեռ անհամբեր սպասում են նորանոր լուրեր ստանալ այդ մոլորակից։ Նշելի է, որ Փիւնիկ-ը պեղումներ կատարող վեցերորդ տիեզերանաւն է, որն անխափան վայրէջք է կատարել Հրատի վրայ։

 

 

ԳՈՒԳԼ-Ի ԵՒ ԻՒ ԹԻՒԲ-Ի ԺԱՄԱՆԱ-ԿԱՇՐՋԱՆ
Նոր աշխարհ

 

2000-ականներին շարունակւել է ինտերնետի (յատկապէս ADSL-ի), բջջային հեռախօսի, արբանեակային հեռուստատեսութեան, HD հեռուստացոյցի տարածումը, իսկ ի մէյլը, լափթօփը, բլութութը, դարձել են առօրեայ կեանքի սովորական երեւոյթներ։ Մի տասնամեակ սրանից առաջ ո՞վ գիտէր, թէ ինչ է Գուգլը, վեբլոգը, Իւ Թիւբը, կամ ֆէյսբուքը։

 

 

Յոյս թիւ 66

13 Յունւար 2010